Այնպես չէ, որ Անգլիայի 2015-2016 թվականի առաջնությունն առանց Ժոզե Մոուրինյոյի էր (պորտուգալացու ձախողումներից չխոսենք), բայց որ այս մեկը խոստանում է չափազանց ուշագրավ լինել, կասկած չկա: Նախ` նա հայտնվել է «կարմիր հրեշների» գլխին, որը ոչ միայն անգլիական չափանիշներով ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ հետք թողած ակումբներից է, երկրորդ` կոնկրետ վերցրած երկրի շրջանակներում մրցակցելու է մարզիչների հետ, որոնց հետ նախկինում բախվել է նույնպես կոնկրետ վերցրած երկրների շրջանակում (Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների շրջանակում եղած մրցակցությունները թողնենք մի կողմ). ասել է թե` միջանձնային մակարդակով հին հաշիվներ ունի նրանց հետ:
Սկսվելիք անգլիական նոր մրցաշրջանի յուրահատկությունն այն է, որ այստեղ հավաքվել են համաշխարհային ֆուտբոլի գրանդ մարզիչներ, մարդու իրենց տեսակով իսկ վառ անհատականություններ, ու մրցակցությունը գնալու է ոչ միայն ու ոչ այնքան թիմերի, որքան նրանց գլխին կանգնածների մակարդակով, որքան էլ թիմն ու մարզիչը դիալեկտիկական միասնություն են ու, թվում է, թե տրամաբանություն չկա նրանց զատելու գործում: Դա այդպես է ու միաժամանակ այնքան էլ այդպես չէ: Ինչևէ, ընթերցողին այնքան էլ չներքաշենք փիլիսոփայական դիտարկումների խորխորատներ ու անցնենք խնդրի առարկայական կողմին:
Այն, որ Ժոզե Մոուրինյոն ի վերջո հայտնվելու էր «Մանչեստր Յունայթեդի» ղեկին, պարզից էլ պարզ էր դեռևս այն ժամանակներից, երբ մանկունիացիներին մարզում էր լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Սակայն նախ պիտի գար նրա հեռանալու ժամանակը, իսկ շոտլանդացին այնպիսի հեղինակություն էր, որի գնալու-մնալու հարցի որոշումն առաջին հերթին նրա որոշելիքի տիրույթում էր, որքան էլ ակումբն ուներ նախագահ, սեփականատեր: Չմոռանանք, որ սա Անգլիան է, որտեղ ավանդույթները մեծ դեր ունեն:
«Յունայթեդի» սպասումով` այդ ընթացքում եվրոպական գրանդ առաջնություններում Մոուրինյոն ունեցավ բավական թվով ակումբներ, այդ ակումբների հետ նույնքան բավական թվով տոնած շռնդալից հաղթանակներ ու, ինչու չէ, նաև ինքնասիրությունը վիրավորող պարտություններ: Հարկավ, առանց դրանց չի լինի, ինչպես որ չի կարող լինել արևածագ ու չլինել արևամուտ` մեկը մյուսի գոյությունը պայմանավորող իրողություններ:
Անգլիական առաջնությունում Մոուրինյոն, ինչ խոսք, նոր դեմք չէ: Սակայն «ավանդական» Արսեն Վենգերի («Արսենալ»), Մաուրիսիո Պոչետինոյի («Տոտենհեմ»), նրա կողմից անհուսալի ձախողակ ճանաչված, հին «ծանոթ» Կլաուդիո Ռանիերիի («Լեստեր») կողքին այս անգամ նրա մրցակից մարզիչների թիվն է շոշափելիորեն համալրվել, ու դրանցից յուրաքանչյուրը հզոր անուն է, ֆուտբոլի մասին սեփական հստակ պատկերացումներն ու փիլիսոփայությունն ունեցող անհատականություն:
Գալիք մրցաշրջանից «Մանչեստր Յունայթեդը» չափ է ընկնելու նրա համար սիրելիի կողքին նույնքան ատելի դարձած «Չելսիի» հետ Անտոնիո Կոնտե գլխավորով, ով պակաս էքսցենտրիկ մարզիչ ու մարդ չէ, չափ է ընկնելու «Լիվերպուլի» ու նրա գլխավորի` Յուրգեն Կլոպի հետ, ում իսկ խոստովանությամբ՝ իր մեջ բնակվում է սատանան, վերջապես չափ է ընկնելու իսպանական առաջնությունից իրեն ավելի քան քաջածանոթ Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով եկել է գլխավորելու «Մանչեստր Սիթին»: Հետաքրքրական է, որ վերջինիս նկատմամբ առանձնահատուկ «համակրանք» ունեցող Մոուրինյոն նրա հետ ճակատելու է ոչ միայն ներքին առաջնության ու երկրի ֆուտբոլային կյանքի մեջ ներհյուսված այլ մրցակցային հարթակներում, այլև մանչեստրյան թատերաբեմում` քաղաք, որտեղ «Սիթիի» ու «Յունայթեդի» բռնցքահարումների ժամանակ ամեն ինչ է բաժանվում երկու մասի:
Նոր մրցաշրջանում հիշատակված բոլոր ակումբներն էլ, բնականաբար, համալրվելու են նոր խաղացողներով: Կոնկրետանալով մանչեստրյան ակումբների ու «Չելսիի» վրա` նոր մարզիչներն իրենց նոր ակումբներում մեկնարկային տարում, նույնքան բնականաբար, կունենան ապահովագրության որոշակի ժամանակ, սակայն դա բնավ էլ չի նշանակում թեթև կյանք: Մոուրինյոյի «Մանչեստր Յունայթեդի» պարագայում, օրինակ, մրցաշրջանը կսկսվի Անգլիայի սուպերգավաթի համար «Լեստերի» հետ առճակատումով, որտեղ Մոուրինյոն պիտի հիմնավորի Ռանիերիի ձախողակ լինելը (լոնդոնյան ակումբում իր առաջին հայտնությունից հետո պորտուգալացին հաճախ էր այդպես արտահայտվում մինչ իր գալը «Չելսին» գլխավորած իտալացու մասին), իսկ անցած մրցաշրջանում անգլիական ավելի քան համեստագույն ակումբին չեմպիոնական բարձունքի հասցրած Ռանիերին, բնականաբար, պիտի նվազագույնը փորձի հնձել մեծամիտ գործընկերոջ դեմքի խոզանը, եթե, իհարկե, Մոուրինյոն մինչ այդ սափրված չլինի: Մի խոսքով` Անգլիայի առաջնությունում սպասվում են հետաքրքրական զարգացումներ, ու դա՝ տևական կտրվածքով: Ինչ վերաբերում է մարզասերներիս, մեզ մնում է լինելիքը վայելելը, ինչը պակաս կարևոր բան չէ: Սակայն այս ամենը, հասկանալի է, հունիսի 10-ից մեկնարկելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից հետո:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ